Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒնենալ` նշանակում է գնահատել ունեցածը

ՈՒնենալ` նշանակում է գնահատել ունեցածը
11.02.2022 | 17:51

«Ով ունի, նրան պիտի տրվի եւ պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ» (Մատթ. 13;12):
«Ինչպիսի անարդարություն»,- կլինի առաջին տպավորությունը Սուրբ Գրքի այս տողերը կարդալուց հետո:- Ինչպե՞ս կարելի է՝ տրվում է ունեցողներին և վերցվում է չունեցողներից, նույնիսկ Ռոբին Հուդը ավելի արդարամիտ էր»: Եվ կամ. «Եկեղեցին միշտ էլ հարուստների կողմից է եղել»,-կմտածեք դուք:


Բայց խոսքը փողի կամ նյութականի մասին չէ, այլ այն ամենի մասին, ինչ մարդը ստանում է Աստծուց` սկսած առողջությունից, վերջացրած հաջողությամբ:
Այս խոսքերը հասկանալու համար նախ պետք է պարզել «ունի» և «չունի» բառերի իմաստը, որ, հավատացեք, այնքան էլ ակնհայտ չէ: Պարզվում է` ունի նա, ով գոհանալ գիտի իր ունեցածով և չի սեփականում Աստծո ամենազորությունը, համապատասխանաբար, չունի նա, ով չի կարողանում գոհանալ իր ունեցածով, բռնված է կուտակելու մոլուցքով, կուտակում է և իրեն ապահով է զգում իր «ամենակարողությամբ», թեև իրականում դողում է իր ունեցածի վրա, որովհետև հոգու խորքում գիտակցում է, որ այդ ամենը իրենից կառնի Նա, ով տվել է: Սա՝ հաջողակ «չունևորները», իսկ անհաջողակ «չունևորները» չեն գոհանում իրենց ունեցածով, բռնված են կուտակելու մոլուցքով, բայց զուրկ են հնարավորությունից և դժգոհում են Աստծուց, արդյունքում որևէ բանի չեն հասնում և կորցնում են ունեցածն էլ: Ահա, թե որտեղից է «շատին ձգտես` քչից կզրկվես» խոսքը:


Աստվածաշնչյան հետաքրքիր մի պատմություն, որ ներկայացնում է հրեաների թափառական կյանքից մի դրվագ, հաստատում է մեր խոսքերի ճշմարտացիությունը` պատմելով Աստծո ողորմության և անշնորհակալ մարդու ագահության մասին: Խոսքը երկնային հացի` մանանայի պատմության մասին է: Երբ Աստված տալիս է մանանան, պատվիրում է ըստ կարիքի հավաքել այն, սակայն ագահները ավելի շատ էին հավաքում, և ավելորդը փչանում էր: Արդյունքում այդ ագահները ոչինչ չէին շահում, բայց շատ մեծ ու կարեւոր բան էին կորցնում` Աստծո բարեհաճությունը:
Եթե մենք ընդհանրապես շնորհակալ մարդ ենք, ապա շնորհակալ ենք լինում մեզ կերակուր, տուն, հագուստ ու հանգիստ ապահովողներից, իսկ ի՞նչն է խանգարում շնորհակալ լինել Աստծուց (այո՛, հենց Աստծուց և ոչ թե բնությունից, համատիեզերական ուժից, գերագույն բանականությունից և այլ անհասկանալի ուժերից) մեր կյանքի համար:


Մենք դժվար թե վիրավորենք մեզ հարազատ մարդկանց կամ իրենց գործի մասնագետներին` ասելով, թե կերակուրը ինքն իրեն է պատրաստվել, կամ շենքը ինքն իրեն է կառուցվել, բայց հեշտությամբ վիրավորում ենք Աստծուն` ասելով. «Դու մեզ պետք չես, մենք ինքնուրույն ենք ծագել: Տիեզերքից ենք ընկել»: Տիեզերքից ինչ-որ արարածներ ընկել են երկիր, բայց դրանք մարդիկ չէին, այլ Ս. Գրքի վկայությամբ, դևերը, այլ խնդիր է, եթե մարդը, օ՜, սարսափ, ընդունում է իր ծագումը աստվածահակառակ սկզբից: Անգամ եթե Աստծուն ընդունում ենք իբրև Արարիչ, Նրա հետ ուզում ենք առնչվել դեպքից դեպք, պատահարից պատահար, առիթից առիթ: Մարդու համար իր ամեն մի ակնթարթը, նոր օրը, ողջ կյանքը ոչ թե աստվածատուր պարգև է և ինքնակատարելագործվելու հնարավորություն, այլ իրերի տրամաբանական ընթացք, որը ոչ մի բանի չի պարտավորեցնում: Նրանք չգիտեն գոհանալ արևի առաջին շողերին ի պատասխան, բայց չեն հապաղում մեղադրել Աստծուն իրենց բոլոր ձախորդությունների ու անհաջողությունների, հիվանդությունների ու մահերի համար: Երբ մեզ բան է պետք, մենք մեր պարզունակ «մահմեդական» ուղեղով կամենում ենք, որ Աստված «հրաշագործ ջինի» նման մեր ունայն ցանկությունների կապանքներում հայտնվի, իսկ երբ բախվում ենք դաժան իրականությանը` Ամենակալ Աստծո հանդեպ մեր ոչնչության իրականությանը, համակվում ենք կատաղության ու վրեժխնդրության ոգով:


Իմաստությունն ասում է. «Քեզ մնում է այն, ինչ տալիս ես»: Միայն սեփականել, ստանալ ու կուտակել փափագող մարդու համար այդ խոսքերը անհեթեթ են հնչում, որովհետև այդպիսի մարդիկ չեն զգում, թե ինչ են ամեն անգամ կորցնում իրենց հոգում և իրենց կյանքում, երբ ինչ-որ «կարևոր» բան է ավելանում իրենց գրպանում կամ սնդուկում: Նրանք չեն զգում, թե ինչպես են կողոպտում Աստծուն, երբ Նրա տված շնորհը, փոխանակ ի փառս Նրա գործածելու, աշխարհին են տալիս` փոխարենը սեփական անձի համար փառք մուրալով:
Նրանք չեն զգում, թե ինչպես են աստիճանաբար կորցնում այն, ինչ ունեն, միաժամանակ նաև` այդ ամենի վրա ինչ-որ բան ավելացնելու հնարավորությունը: Մարդիկ չեն գոհանում, որովհետև չգիտեն, թե ինչ են փնտրում, ինչ են ուզում: Թեև ունեն ընտրության հնարավորություն, բայց շատ դեպքերում արհեստականորեն նրանք զրկվում են լավի և վատի միջև ընտրելու հնարավորությունից ու ստիպված են լինում ընտրել վատի և վատթարագույնի միջև: Շատերը զրկված են Աստծուն ճանաչելու և ընտրելու հնարավորությունից: Բնականաբար, մարդիկ, որ չգիտեն շատի ու լավի` հավիտենականի ու կատարյալի մասին, իրենց չափանիշները և չափորոշիչները սահմանելիս բավարարվում են եղած վատով ու սահմանափակով, «ծնվում են ակամա, ապրում են զարմացած, մեռնում են կարոտով»: Եթե Աստծո` մարդու համար ստեղծած աշխարհը և նրան շնորհած ժամանակավոր կյանքը այսքան սիրելի են ու փափագելի, ապա միայն պատկերացնել կարելի է Աստծո՛ բնակավայրի ու հավիտենության վեհությունն ու փառքը:
ՈՒնենալ` նշանակում է գնահատել ունեցածը: Եթե ըստ արժանվույն գնահատենք մեր ժամանակավոր կյանքը և չվերածենք այն ինքնանպատակ պայքարի ինքներս մեր դեմ, մեր առջև կբացվի հավիտենականի ու կատարյալի անհորիզոն ու խոստումնալից տեսլականը: Եթե գեթ փորձենք մարդկային պարզ շնորհակալությամբ պատասխանել Արարչի անպարփակ սիրուն, մեր հոգին կմիտվի առ Աստված, և այնտեղ կծլի մեր փրկության տունկը, որ պիտի խնամվի հույսով, հավատով ու սիրով:


Լիլիթ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4519

Մեկնաբանություններ